Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Եթե խոսվում է արձանի ապամոնտաժման մասին, ապա առաջինը պետք է հեռացվի Հեյդար Ալիևի արձանը»

«Եթե խոսվում է արձանի ապամոնտաժման մասին, ապա առաջինը պետք է հեռացվի Հեյդար Ալիևի արձանը»
29.01.2019 | 04:44

Ախալքալաքի Բուղաշեն գյուղում հայ ազատամարտիկի վերաբացված արձանի շուրջ բարձրացած աղմուկի մասին զրուցել ենք Ջավախքի հարցերով փորձագետ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ: Հատկանշական է, որ ծնունդով ջավախեցի Վահե Սարգսյանին 2014-ի մարտի մեկից արգելել են Վրաստան մտնել` գրքեր տանելու պատճառով:

-Դուք նշել եք, որ արհեստական այս աղմուկը, բնականաբար, ուղղորդում են հակահայկական ուժերը, և այն միտված է սրելու առանց այն էլ փխրուն ու խնդիրներով հարուստ Հայաստան-Վրաստան հարաբերությունները: Վրացական մամուլը, տվյալ դեպքում, ողողված է բացառապես հակահայկակա՞ն նյութերով, թե՞ կա նաև հակակշռող կարծիք:
-Արցախյան գոյապայքարի հերոս, հայտնի հետախույզ, Մեղրիի հետախուզական ստորաբաժանման անդամ ջավախահայ Միքայել Ավագյանի հայրենի գյուղում հերոսի արձանի վերաբացման փաստը բացասական գույներով են ներկայացնում հիմնականում ընդդիմադիր և տարածաշրջանում մշտապես Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը սպասարկող Միխեիլ Սաակաշվիլու գաղափարներով առաջնորդվող լրատվամիջոցները, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավորությամբ: Վերջինս արդեն մի քանի խոշոր ռեպորտաժներ է ներկայացրել արձանի բացման առնչությամբ, բոլորն էլ ծայրահեղ ադրբեջանամետ դիրքերից: Արձանի բացման փաստի առիթով իշխանություններին քննադատող վրացի գործիչների տեսակետների ներկայացմանը զուգահեռ ռեպորտաժում ներկայացվում են նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների և այլ գործիչների դատապարտող տեսակետները, որոնց հենքի վրա էլ վրաց ընդդիմադիր լրագրողներն անում են հիվանդագին ենթադրություններ: Պարզորոշ է, որ Սաակաշվիլին և նրան սպասարկող լրատվամիջոցները խնդիր են դրել քաոսի վերածելու երկիրը, և այս անգամ զոհասեղանին են դրված ՀՀ-Վրաստան հարաբերությունները: Իշխանական կամ չեզոք թևի լրատվամիջոցները ձգտում են խնդիրը ներկայացնել հնարավորինս բալանսավորված:
-Ըստ Ձեզ` խնդիրն ի՞նչ լուծում է գտնելու, վերատեղադրված արձանը կմնա՞ իր տեղում, թե՞ կապամոնտաժվի:
-Վերատեղադրված հուշարձանը ապամոնտաժելու տարբերակը գործնականում անհնար եմ համարում: Այն տեղադրված է ոչ պետական միջոցներով, մարմնավորում է Ջավախքի արժանավոր զավակի հիշատակի հավերժացումն իր հայրենի գյուղում, և դրա տեղադրումը քաղաքականացվում է արհեստականորեն` ադրբեջանա-թուրքական շահերը սպասարկող ուժերի կողմից: Վրաստանի իշխանությունները դա, կարծում եմ, լավագույնս գիտակցում են և տուրք չեն տա Սաակաշվիլու հրահրիչ գործողություններին:
-Ջավախահայության արձագանքն ինչպե՞ս եք գնահատում:
-Ջավախահայությունը, անկեղծ ասած, զայրացած է այս աղմուկից: Հայոց ցեղասպանության, արցախյան գոյապայքարին մասնակցող հերոսների հիշատակի հուշարձաններ տասնյակներով կան Ջավախքում, դրանք ջավախահայության ազգային ցավերի և արժեքների մասին պատմող քարե կոթողներ են, որոնք, կրկնում եմ, տեղադրվել են ոչ թե պետական, այլ բարերարների միջոցներով: Այնինչ, օրինակ, նույն ինքը` Սաակաշվիլին, ժամանակին Ալիև հոր շքեղ հուշարձանը կանգնեցրեց մայրաքաղաքի սրտում նաև ջավախահայության հարկերի հաշվին: Տվյալ շրջանում որևէ ջավախահայ չբողոքեց, թե ինչու է իր հարկերի հաշվին կանգնեցվում իր եղբայրներին մորթած և Վրաստանի հետ որևէ քաղաքակրթական աղերս չունեցող սովետական կոռուպցիոներ գործչի արձանը: Եթե խոսվում է արձանի ապամոնտաժման մասին, ապա առաջինը պետք է հեռացվի հենց Հեյդար Ալիևի արձանը, որի գոյությունը Վրաստանի սրտում խայտառակություն է և բազմահազարամյա քաղաքակրթության տեր վրաց ժողովրդի համար ծայրահեղ անպատվաբեր:
-Հայաստանի Հանրապետությունը պե՞տք է որևէ կերպ արձագանքի խնդրին:
-Տեսեք, ես արդեն վերևում նշեցի, որ այս ամբողջ աղմուկը բարձրացրել են Վրաստանի ընդդիմադիր և Սաակաշվիլու կողմից ուղղորդվող լրատվամիջոցները, փորձագետներն ու այլ շրջանակներ: Վրաստանի պետական կամ իշխանական շրջանակները դեռևս ձեռնպահ են մնում որևէ գործողությունից (որքանով, իհարկե, մենք տեղյակ ենք): Ընդդիմադիր կամ թրքամետ ուժերին զայրացրել է հատկապես այն փաստը, որ Ավագյանի հուշարձանի բացմանը մասնակցություն է ունեցել և ելույթով հանդես եկել նաև Վրաստանում ՀՀ դեսպանը: ՀՀ դիվանագիտական և այլ պատկան մարմինների գործողությունները, կարծում եմ, պետք է բխեն այս իրողությունների խոր վերլուծության համատեքստից: Իհարկե, պետք է ՀՀ-ից միանշանակ արձագանք լինի և մերկացվեն բոլոր այն ստերը, որոնք վրաց հանրության շրջանում անխնա տարածում են թրքամետ ուժերը:
-Վրաստանում հանրային կարծիքն ու պաշտոնականը համընկնու՞մ են: Ինչպիսի՞ն են հանրային տրամադրությունները:
-Վրաստանի պաշտոնական շրջանակներից այս հարցին առնչվող մեկնաբանություններ դեռևս չեն հնչել: Հավանաբար վերջիններս փորձում են հարթել ընդդիմադիր ուժերի հրահրած խժդժությունները և հնարավորինս բալանսավորված մոտեցում ցուցաբերել հարցին` չլարելով հարաբերությունները և՛ Ադրբեջանի, և՛ ՀՀ-ի հետ: Իրականում շատ բարդ է վրաց ներկա իշխանությունների գործը, քանի որ Սահակաշվիլու ազդեցության դաշտում գործող ադրբեջանամետ ուժերն ու լրատվամիջոցները անխնա բորբոքում են հարցը և արդեն հասել են այնտեղ, որ Մ. Ավագյանին ներկայացնում են ոչ միայն ադրբեջանցիների դահիճ, այլև վրացիների. վերջիններս, ձգտելով ազդել վրաց հանրության զգայուն շերտերի վրա և նույնությամբ կրկնելով Ադրբեջանի խորհրդարանականի ենթադրությունը, Ավագյանին ներկայացնում են աբխազական պատերազմի հնարավոր մասնակից, հայտնի «Մ. Բաղրամյան» գումարտակի անդամ, որը, իբր, մասնակցել է վրացիների դեմ իրականացված զանգվածային գործողություններին: Դա ստոր հերյուրանք է և իրականության հետ որևէ կապ չունի: Ճիշտ հակառակը` Մ. Ավագյանը Աբխազիայում ծառայել է սովետական շրջանում (նա Մեղրի է տեղափոխվել 1990 թ.) որպես Վրաստանի բարձրաստիճան ոստիկան, ներկայացրել է և պաշտպանել Վրաստանի պետական շահերը: Այսինքն, ոչ թե պետք է նրան ներկայացնել որպես դահճի, ինչպես դա լավագույնս անում են թրքամետ ուժերը, այլ վրացական պետությանը նվիրված օրինակելի ծառայող, բարձրաստիճան ոստիկան, որն Աբխազիայում պատվով է ներկայացրել Խորհրդային Վրաստանի պետական կառույցները:


Էջը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2657

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ